Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ահա՛ ձեր մանկահասակ թագավորը

Ահա՛ ձեր մանկահասակ թագավորը
13.02.2009 | 00:00

ՄԵՐ ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆՆԵՐԸ
«Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում» (Ղուկ. Բ 21):
Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի սքանչելի Ծննդյան մասին ավետեց հրեշտակը Սուրբ Կույս Մարիամին, ապա Հովսեփին, նաև հայտնեց, որ մանկան անունը Հիսուս պիտի դնեն: «Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ ծնուածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»։ Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» (Մտթ. Ա 20-23)։
Երբ ծնվեց մանուկը, Տիրամայրն ու Հովսեփը ութերորդ օրը հաստատեցին նրա անունը` Հիսուս:
Հրեշտակի կողմից մեր Տերը կոչվեց Հիսուս, որ թարգմանվում է Փրկիչ. այսպես անվանվեց հետևյալ պատճառներով.
1. Փրկեց մարդկությանը մեղքերից (ինչպես ավետաբեր հրեշտակն ասել էր):
2. Փրկեց օրենքի ծառայությունից։ Ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Քանի դեռ հաւատը չէր եկել, օրէնքի տակ փակուած էինք մնում՝ սպասելով գալիք այն հաւատին, որ յայտնուելու էր մեր մէջ։ Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս» (Գաղ. Գ 23-26):
3. Փրկեց Սատանայի ծառայությունից, քանզի խաչին գամելով համայնի մեղքերը` ջախջախեց Սատանային. «Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին» (Հռոմ. Զ 6), ասում է առաքյալը:
4. Փրկեց մահվանից. Տերն Ինքն ասում է. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Հովհ. ԺԱ 25-26)։
5. Փրկեց հոգիները դժոխքի տանջանքներից. «քանի որ սրա համար իսկ քարոզուեց Աւետարանը նաե՛ւ մեռելներին, որպէսզի մարդկանց նման դատուեն մարմնով եւ կենդանի լինեն հոգով Աստծու նման» (Ա Պետ. Դ 6), գրում է Պետրոս առաքյալը։
6. Փրկեց դիվամոլ կռապաշտությունից` հաստատելով միակ, ճշմարիտ, հավիտենական և կենսատու Աստծու պաշտամունքը:
Այնքան պատվական է Հիսուս անունը, որ միայն հրեշտակի կողմից պետք է նշանակվեր:
Մինչ Հիսուս ոչ ոք համընդհանուր փրկություն չէր բերել մարդկային ազգին, ուստի այս անունը հույժ պատշաճում է մեր Տիրոջը:
Էմմանուէլ անունը (Աստված մեզ հետ է) ասվել էր Եսայի մարգարեի բերանով. սա Հիսուս անվան մի տարբերակն է, քանզի առանց Աստծու չկա փրկություն:
Երբ Տերը ծնվեց, նրա անունը փոքր էր մարդկանց մեջ, իսկ այժմ հայտնի է ամբողջ աշխարհով մեկ:
Հիսուս Քրիստոսի անվամբ ամեն ծունկ պետք է երկրպագի:
Հիսուս քաղցր անունը քաղցրացնում է ու համեղացնում աշխարհի ամեն նեղություն:
Հիսուս անվամբ ողջ աշխարհը լուսավորվեց, քանզի այս անվամբ բազմաթիվ հրաշքներ եղան, ինչպես Տերն ասում է. «Իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն» (Մարկ. ԺԶ 17-18):
Հիսուս անունն աստվածային սիրո հրեղեն կերակուր է, քանի որ ցուրտ ու խավար է այն հոգիներում, որտեղ չկա ջերմացնող ու լուսավորող այս անունը:
Հիսուս անունը զորացրեց շատ-շատ սրբերի` հաղթելու սատանային ու բռնակալ թագավորների:
Հիսուս անունը սուրբ է սուրբերի մեջ, ահարկու է դևերի դեմ և մեծ ու սքանչելի է բոլոր արարածների համար:
Տերը կոչվեց ոչ միայն Հիսուս, այլ նաև Քրիստոս, որ թարգմանվում է Օծյալ: Հնում օծվում էին քահանաները, թագավորները և մարգարեները:
Քրիստոս ճշմարիտ քահանա էր, քանզի սաղմոսերգուն ասում է. «Դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղմ. ՃԴ 9): Նաև մեծ մարգարե է, ինչպես Մովսեսն էր ասում. «Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի» (Երկ. Օր. ԺԸ 15): Նաև մեր Տերը հավիտյանների թագավորն է և Նրա թագավորությանը վախճան չի լինի:
Մի հզոր երկիր է լինում, սակայն երբ նրանց թագավորը վաղաժամ մահանում է, թշնամին հարձակվում է և փորձում նվաճել: Առանց թագավորի մնացած զորքը հուսահատվում է, սակայն թագուհին բերում է մանուկ թագաժառանգին և դնում զորքի առաջ` ասելով. «Ահա՛ ձեր թագավորը, ձեր թագավորին պաշտպանե՛ք, նրան և ձեր երկիրը»: Ոգևորված զորքը հաղթանակում է: Թշնամու պես էլ սատանան անընդհատ հարձակվում էր մարդկանց վրա` նվաճելով նրանց մտքերը, հոգիներն ու մարմինները: Եվ մարդկության թագուհին` Սուրբ Մարիամը, ծնեց Քրիստոսին` բոլորի արքային, և դնելով մեր մեջ, ասաց. «Ահա՛ ձեր մանկահասակ թագավորը»:


Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վանահայր Տաթևի վանքի

Դիտվել է՝ 3338

Մեկնաբանություններ